Էրոտի՞կ վեպ է, թե՞ էրոտիկ չէ: Խոսքը, կարծես, ավելի շատ հոգեբանական վեպի մասին է, ուր և՛ կինը կարող է տեսնել ինքն իրեն, և՛ տղամարդը:
Գրողների տանը օրերս դերասանուհի, արձակագիր Անահիտ ԹՈՓՉՅԱՆԻ «Տագնապ» վեպի շնորհանդեսն էր: ՀԳՄ կլոր սրահը մարդաշատ էր, ինչը հաճախ չի պատահում, աղմկոտ` լավ իմաստով, մթնոլորտը` առավելագույնս անկեղծ: Բոլոր խոսակցությունները սիրո մասին էին:
ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ բացման խոսքում նշեց, որ Անահիտ Թոփչյանն ընթերցողի սեղանին է դնում գրքեր, որոնք ուղղակի հայտնվում են գրական քննադատության կիզակետում: «Lady S.D.F.», «Հայելի», «Անհետացում», և ահա մեր սեղանին է «Տագնապը»:
«Ամեն գրքից հետո քաղաքում լեգենդներ են շրջում, թե ինչպիսին է Անահիտ Թոփչյանն իբրև կին, և նրա կերպարները անհատականացվում են` շփոթելով գրողի աշխարհընկալումն ու ինքնակենսագրությունը,- ասաց ՀԳՄ նախագահը:- Անահիտ Թոփչյանի խիզախությունը տեսել էինք թատրոնում, նա գրքից գիրք բացում է մեզ համար (հատկապես տղամարդկանց համար) շատ կողմերից անծանոթ առեղծվածների աշխարհ, և այդ աշխարհը շատ գեղեցիկ է, այդ աշխարհի կենտրոնում սերն է, սիրո կենտրոնում` կնոջ երկրպագվող գեղեցկությունը»: Վերջապես պետք է ասել, թե ինչ ժանրի է պատկանում նոր վեպը: ՀԳՄ նախագահի կարծիքով` հոգեբանական վեպ է, նաև սիրավեպ է, ինչպես հուշում է գրքի անոտացիան, նաև էրոտիկ վեպ է, բայց էրոտիկան ու նատուրալիզմը պահվում են ճիշտ սահմանագծին:
Մի փոքր վեպի մասին:
Անահիտ Թոփչյանի նոր վեպի հերոսուհուն մի տագնապ է համակել. համատեղ կյանքի քսանհինգերորդ տարում նա պարզում է, որ ամուսինը դավաճանել է իրեն` հենց առաջին օրերին… Վրեժի ցանկությամբ լցված, իր հերթին, դավաճանում է ամուսնուն: Թվում է` հաշիվը հավասարվեց: Սակայն հաջորդում է մի նոր մղձավանջ` նախորդից ավելի սոսկալի, դաժան փորձության առջև դնելով իրար սիրող, երկար տարիներ հաշտ ու անխռով ապրած ամուսիններին։
«Սխալ կլինի ձևացնելը, թե անսովոր ոչինչ չի եղել,- ասաց արձակագիր ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:- Անահիտը բացում է մի իրողություն, որ մեր իրականության մեջ, պարզվում է, վաղուց գոյություն է ունեցել, այսինքն, հայ կինն անկախություն է ձեռք բերել Հայաստանի անկախացումից դեռ շատ առաջ: Երևույթը կա և պետք է թափանցեր գրականություն։ Թե ո՞վ և ինչպե՞ս էր մատուցելու, անհայտ էր մեզ համար: Այսօր արդեն պարզ է, որ դա Անահիտն էր»:
Գրող, գրականագետ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նկատեց, որ կնոջ անկախությունը ձեռք է բերվել Եվայի-Ադամի օրերին, հիշատակեց նաև Դևիդ Հերբերտ Լոուրենսին, ով մեղադրում է 19-րդ դարի վիպասաններին, որ հերոսուհին ու հերոսը շատ հաճախ անկողին են մտնում շորերը հագին: Այս վեպի ամենակարևոր նվաճումը, ըստ նրա, վերադարձն է դեպի բնությունը, դեպի բնականությունը:
««Անհետացում» և «Տագնապ» ստեղծագործություններում Անահիտ Թոփչյանը փորձում է գտնել այն ակունքները, որոնք կարող են մեզ հասցնել պատասխանի, ոչ միանշանակ, բայց անպայմանորեն պատասխանի: Որովհետև ժամանակն իր լրումին է հասել, և մենք ակնկալում ենք ճշմարիտ պատասխաններ մեր ժամանակի մասին»,- ասաց գրականագետ ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ և նշեց, որ չնայած ինքնակենսագրական արտաքին նշաններին, կա մի ուշագրավ խզում հերոսի ու հեղինակի միջև, ինչը հեղինակի հաջողությունն է, որովհետև մի պատուհանից չէ, որ ներկայացվում է այսօրվա աշխարհը: Էրոտիկան գրականագետը տեսնում է երրորդական, չորրորդական գծի վրա: Ըստ նրա` ավանդականից պոկվելու խնդիր կա, շատ պարկեշտ ենք մենք վեպում, մեր հերոսները սխալներ չեն գործում, մենակի գաղափարն էլ մեր գրականության բացասական կողմերից է: «Ծայրահեղություններից թրծված ստեղծագործություն է սա, և Անահիտ Թոփչյանի հերոսուհին փորձում է պարզել ընթերցողի համար սիրո բանաձևը. խնդիրն այն չէ` դա սայթաքո՞ւմ կկոչես, թե՞ հավատարմություն: Վեպը կարդալուց հետո մենք կարիք ունենք ինքներս մեզ ճանաչելու և՛ իբրև տղամարդ, և՛ իբրև կին»,- ասաց Սուրեն Դանիելյանը:
Գրականագետ ՍԱԹԵՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ դիտարկմամբ` միայն սիրավեպի հետ գործ չունենք, այլ մեր հասարակության գիտական, սոցիալական, քաղաքական տարբեր շերտեր բացահայտող կարևոր իրողությունների հետ:
«Անահիտ Թոփչյանը մերկապարանոց սիրային կերպարներ չի ստեղծել, դրանք լիարյուն մարդիկ են, որ ապրում են հասարակական թեժ հարաբերությունների մեջ: Ամեն ինչ ճիշտ էր վեպի մեջ, ոչ մի դետալ ավելորդ չէր,- ասաց նա:- Դուք կարողանում եք կյանքին կողքից նայել, դերասանուհու տիպը լավ գիտեք, բայց թող հերոսուհին երբեմն չլինի դերասանուհի»:
«Ի դեպ, երրորդ վեպիս հերոսուհին («Ամենուր և ոչ մի տեղ» վեպը, որը դեռ չեմ ավարտել) դարձյալ դերասանուհի է: Կլինի եռապատում, երեք վեպի մեջ հերոսուհին դերասանուհի է, և՛ ոչ մեկը ես չեմ, և՛ բոլորը միասին ես եմ»,- ասաց Անահիտ Թոփչյանը։ Ըստ նրա, հերոսուհու դերասանուհի լինել- չլինելը տեխնիկական հարց է:
Հնչեցին տարբեր կարծիքներ, բազմիմաստ ռեպլիկներ, այդ թվում` «Անահիտ Թոփչյանն Անահիտ Թոփչյան է Ալեքսանդր Թոփչյանի կողքին» գուցե և անչար ռեպլիկը, որին հետևեց անվանի գրականագետի նույնքան անչար պատասխանը. «Ես էլ Ալեքսանդր Թոփչյանն եմ Անահիտ Թոփչյանի կողքին»:
Հարկ է նշել, որ ոմանք եկել էին կապույտ աչքերով դերասանուհուն տեսնելու, որին սիրում էին դեռ թատրոնից: Կարծում եմ` սիրված դերասանուհուն փնտրելու-տեսնելու մոլուցքով շատերը դեռ ման կգան նրան իր տողերում:
«Տագնապ» վեպն արդեն կա ռուսերեն: Հարցին` ո՞վ է թարգմանիչը, օրվա հերոսուհին պատասխանեց. «Ինքս եմ գրում երկու լեզվով, չգիտեմ` որն է թարգմանությունը»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ